Ձնե-սառցե քանդակների փառատոն Արատեսում
Յուրաքանչյուր եղանակ ունի ոչ միայն իրեն բնորոշ գույները, հոտերն ու մթնոլորտը, այլև ունի հենց միայն իրեն հատուկ ձայները: Դրանք այն ձայներն են, որոնք ծնվում և զարգանում են բնության մեջ ողողելով իրենցով ողջ եթերը: Դրանք այն ձայներն են, որոնք լցնում են բնությունը կախարդական ու զարմանահրաշ հնչյուններով: Դրանք հենց բնությունից ծնված ձայներն են: Յուրահատուկ ու հեքիաթային են հատկապես ձմռան ձայները. ձյան շրշյուն (երբ քայլում ենք դրա վրայով), ժամանակ առ ժամանակ լսվող սառած թռչնակի ծլվլոց, հալվող ձյան կաթոցներ, սոված ու թափառող կենդանիների տխուր հառաչներ, ձմեռային խաղերով տարված երեխաների ուրախ երգեր: Այս ամենը միահյուսվելով կազմում են հենց այն, ինչը ես անվանել եմ ձմեռային մեղեդի: Իմ քանդակով փորձելու եմ հաղորդել ձմռանը հատուկ երաժշտական պատկերները ծավալային լուծման միջոցով: