Ի ուրախություն ինձ իմ դասավանդման երկրորդ տարում նկարչության խմբակին սկսեցին հաճախել նաև հարևան՝ Գետամեջ գյուղի երեխաները: Հեռավոր գյուղում ապրող ու ամեն ինչից կտրված երեխաների համար մեծ ուրախություն է ունենալ ուսուցիչ, ով իրենց կուղղորդի և կնպաստի դեռևս կոկոն վիճակում գտնվող տաղանդների բացմանն ու զարգացմանը: Ի դեպ գյուղի երեխաները զգալիորեն տարբերվում են քաղաքում ապրող երեխաներից: Նրանք ավելի պարզ են, անկեղծ ու երախտագետ նրա նկատմամբ, ով իրենց ինչ-որ բան է ուզում սովորեցնել: Գյուղի բնությունն էլ իր հերթին է նպաստում նրանց ուրույն խառնվածքի ու աշխարհայացքի ձևավորմանը: Եվ հենց շատ արվեստագետներ են ծնվել ու հասակ առել գյուղում՝ իրենց հոգում ու հիշողություններում անմար պահելով հայրենի բնության ելևեջները, սարերի ու դաշտերի թովիչ շունչը, գետերի զրնգուն կարկաչները, որոնք էլ հիմք և ոգեշնչման աղբյուր են հանդիսացել նրանց արվեստի ծաղկման համար: