Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Դեպի Արցախ

Կրթությունը պիտի հասանելի լինի յուրաքանչյուր երեխայի համար, անկախ նրանից, այդ երեխան ապրում է քաղաքում, թե հեռավոր գյուղում: Առաջնորդվելով այս գաղափարովՙ 2017թ.- սեպտեմբեր ամսին ես մեկնեցի Արցախի հանրապետության Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղ՝ փոխանցելու երեխաներին իմ փորձն ու մասնագիտական կարողությունները:

Սկզբում ամեն ինչ նոր ու անսովոր էր ինձ համար, և ստացածս առաջին տպավորությունները խորն էին ու անմոռաց: Բազմաբովանդակ է Արցախ աշխարհը և իր ամեն անկյունում մի անսպասելի գանձ ունի պահած: Գեղեցիկ և հրապուրիչ է նրա բնությունը՝ իր բարձր սարերով, մամռապատ քարերով, անմահ կոթողներով և դաշտերի ու ծաղիկների ներդաշնակ զուգորդումով: Հատկապես տպավորիչ է այն իր լքված ավերակներով, որոնք նախկինում թուրքի տներ են եղել: Դժվար է հավատալ, որ մի ժամանակ դրանց մեջ կյանք է եռացել, ծուխ ծխացել: Հիմա նրանք այնքան անկենդան ու սառն են թվում, կարծես քարե ուրվականներ լինեն: Բայց, միևնույն է, ինչքան էլ տխուր ու լքված տեսք ունենան, գեղեցիկ են: Գեղեցիկ են իրենց տխրության, լքվածության, բացառիկության մեջ:

Այն գյուղը, որտեղ ես պետք է աշխատեի, մեկն էր այն ազատագրված տարածքներից, որոնք մեզ հաջողվեց ետ վերցնել թուրքերից: Եվ ահա ես քայլում էի այդ ազատագրված տարածքով ու մտածում, որ հայրենասիրությունը կայանում է նաև նրանում, որ քո ներդրումը ունենաս հայրենիք կոչվածի և այնտեղ ապրողների կյանքում, ինչ-որ բան տաս քեզանից՝ հույսով, որ այն կընդունվի ու բարիք կբերի նրանց:

Սկզբնական շրջանը դժվար էր ինձ համար. նոր ու անծանոթ մարդիկ, քաղաքից կտրված անկյուն, կենցաղային խնդիրներ: Սակայն,երբ արդեն անցա բուն աշխատանքային պրոցեսին, դժվարությունները երկրորդ պլան մղվեցին: Երբ տեսնում ես շատ բաներից կտրված երեխաների ոգևորված դեմքերը, որ ուսուցիչ է եկել, նկարել պիտի սովորեն, ապա մոռանում ու անտեսում ես ամեն մի դժվարություն: Ինձ համար մեծ ուրախություն էր տեսնել նրանց ոգևոևված դեմքերը, անկեղծ ժպիտներն ու անհամբեր սպասումները: Մանավանդ, որ նախկինում երբեք նկարչության ուսուցիչ չէին ունեցել:

Եվ ահա դասերը սկսվում են: Մեծ է երեխաների հետաքրքրությունը, մեծ է նաև նրանց համար ինչ-որ բան անելու իմ ցանկությունը: Ի զարմանս ինձ, կարճ ժամանակում երեխաները մեծ ընդունակություններ են դրսևորում ու ակնհայտ աճ գրանցում: Միասին մենք էքսկուրսիաներ ենք կազմակերպում, շրջելով թովիչ բնության ամեն անկյունում ու էտյուդներ անում: Շուտով նաև ցուցահանդեսներ կազմակերպում:

Վերապատրաստման 3-րդ և 4-րդ օրեր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Հունվարի 23, 24, Վայրը՝ Մայր դպրոց, Կենտրոնական ընթերցասրահ

. Ծանոթացանք բլոգների առանձնահատկություններին

. Քննարկեցինք ուսումնական նախագծերի հետ առնչվող խնդիրներ

. Մասնակցեցինք կրթահամալիրի Մարմարյա սրահում կազմակերպված ազգային երգ ու պարի փառատոնին

. Ներկայացրեցինք ուսումնական նախագծերը

Համագործակցային նախագիծ. Տեխնոլոգիա+Մայրենի «Նկարների զարմանահրաշ աշխարհը»

Դասավանդողներ՝ Թագուհի Ստեփանյան և Անուշ Ներսիսյան

Մեզանից շատերը թանգարան գնալիս և որևէ նկար դիտելիս հաճախ անփութորեն են անցնում դրանց կողքեվ: Չընկալելով և չփորձելով հասկանալ մի նկարը, մենք անցնում ենք դիտելու մեկ ուրիշը, հետո՝ մյուսը, և այդպես շարունակ: Այնինչ յուրաքանչյուր նկարի ետևում մի զարմանահրաշ պատմություն է թաքնված, չբացահայտված աշխարհ, նկարչի տքնաջան աշխատանք: Այսպիսով մենք ինքներս մեզ զրկում ենք նկարի կախարդական աշխարհը մտնելու հնարավորությունից և ինչու չէ նաև այդ հեքիաթային աշխարհի մի մասնիկը լինելու երջանկությունից:

Այս նախագծի ընթացքում մենք նախատեսում ենք երեխաների հետ միասին այցելել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, ծանոթանալ նրա նկարներին, ուշադիր դիտել դրանք և փորձել դրանց մասին գրել պատմություններ, հեքիաթներ կամ էլ բանաստեղծություններ: Յուրաքանչյուր երեխա ընտրում է իրեն հոգեհարազատ մի նկար ու փորձում պատկերացնել դրա սյուժեն, հասկանալ բովանդակությունը, թափանցել նկարի մեջ, գտնել դրա միջի կենդանի շարժումը, շունչը, և զարկ տալով երևակայությանը, հորինել դրա շուրջ իր պատկերացրած պատմությունը, կենդանացնելով առաջին հայացքից ստատիկ ու անկենդան թվացող նկարը: Այնուհետև ամեն երեխա թղթին է փոխանցում սարյանական արվեստից ստացած իր տպավորությունները նկարների տեսքով: Արդյունքում կազմակերպում ենք ցուցահանդես+գրական ցերեկույթ, որի ընթացքում երեխաները ընթերցում են իրենց կողմից ստեծված հեքիաթները, պատմվածքներն ու բանաստեղծությունները և ցուցադրում նկարները:

Նախագծի նպատակը

Այս նախագիծը երեխաների մոտ կզարգացնի ոչ միայն երևակայությունը, այլև ուշադրությունը և խոսքի հմտությունը: Կսովորեցնի ոչ միայն նայել, այլ նաև՝ տեսնել: Նախագծի շնորհիվ երեխաները հնարավորություն կունենան ծանոթանալու Մ. Սարյանի նկարներին, նրա ուրույն ոճին և ստեղծագործական գործունեությանը:

Նախագծի մասնակիցներ՝ 5-րդ դասարանցիներ

Ժամանակահատվածը՝ նոյեմբերի 18-20

Նոյեմբերի 18-ին՝ այցելություն Մ. Սարյանի տուն-թանգարան, նոյեմբերի 19-ին՝ պատումների ստեղծում, նոյեմբերի 20-ին՝ արդյունքների ամփոփում. ցուցահանդես+գրական ցերեկույթ:

Անհրաժեշտ նյութեր

  1. Որևէ փոխադրամիջոց. թանգարան հասնելու համար
  2. Թուղթ, գրիչ, գուաշ կամ ջրաներկ, վրձիններ, մատիտներ և լավ տրամադրություն:

Ամփոփումը՝ գրական ցերեկույթի և ցուցահանդեսի տեսքով:

Ուսումնական նախագիծ 1 «Ստեղծագործ ձեռքեր»

Մենք ապրում ենք սպառողական հասարակությունում, և մեզանից յուրաքանչյուրն իր հերթին հանդիսանում է սպառող: Մեր ողջ կյանքի ընթացքում մենք անընդհատ սպառողական գործընթացում ենք գտնվում: Սպառում ենք օդը, որը շնչում ենք, հագուստը, որը հագնում ենք, սնունդը (շոկոլադ, բլիթներ, մրգեր և այլն), առարկաները, որոնք մեզ պետք են գալիս մեր ամենօրյա կյանքում (թուղթ, տոպրակ, աթոռ, գրիչ և այլն):

Այդ պրոցեսից որպես հետևանք գոյանում են թափոններ, որոնք առաջին հայացքից միայն թափոն են և վերջ, ու մենք իրենց նետում ենք հենց թափոնների համար նախատեսված տեղը, այսինքն աղբամանը: Եվ ժամանակին մեզ ծառայած ու մեր կողմից սիրելի իրերը, ի վերջո, հայտնվում են աղբանոցում:

Այդ երևույթը տխուր է ոչ միայն առարկաների համար, այլև բնության, քանզի բոլորս գիտենք, որ թափոնները բնությանը մեծ վնաս են հասցնում: Այդ պատճառով ես մտածեցի, որ կարելի է չշտապել դեն նետել մեզ համար արդեն անպետք դարձած իրերը, այլ, հաղորդելով դրանց ստեղծագործական նոր շունչ, պատրաստել նոր իրեր, մասնավորապես կենդանիներ, որոնք բնության մի մասն են, և վնասելով բնությանը, մենք իրենց էլ ենք վնասում: Կենդանիները կարող են լինել և՛ ծավալային, և՛ հարթային:

Նախագծի նպատակը

Այս նախագիծը երեխաների մոտ կզարգացնի ոչ միայն ձեռքի հմտությունները, այլ նաև ստեղծագործական երևակայությունը, կսովորեցնի ուշադիր լինել շրջակա միջավայրի նկատմամբ և չաղտոտել այն: Կբացահայտի նրանց համար խմբային աշխատանքի առավելությունը, ինչպես նաև կսովորեցնի լինել ոչ միայն սպառող, այլև՝ ստեղծող:

Նախատեսում եմ նախագծի վերջում կազմակերպել «Ստեղծագործ ձեռքեր» թեմատիկայով ցուցահանդես:

Նախագծի մասնակիցներ

Նախատեսում եմ նախագիծը իրականացնել 4-6-րդ դասարանների աշակերտների հետ:

Անհրաժեշտ նյութեր

  1. Հավաքել առաջին հայացքից աղբ հանդիսացող իրեր. պլաստիկ շշեր, թիթեղյա և ստվարաթղթե տուփեր, տոպրակներ, կոնֆետի թղթեր, մաշված հագուստ և այլն:
  2. Մկրատ, սիլիկոնային սոսինձ, ակրիլային ներկեր:

Նախագծի կատարման տևողություն

Նախատեսում եմ նախագիծը իրականացնել երեք ամսում. առաջին ամսվա ընթացքում հավաքել անհրաժեշտ նյութերը, մյուս երկու ամիսների ընթացքում կատարել բուն ստեղծագործական աշխատանքը:

Վերապատրաստում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Հունվարի 21, 22 Վայրը՝ Մայր դպրոց, Կենտրոնական ընթերցասրահ

. Ծանոթացանք կրթահամալիրի կայքին

. Ստեղծեցինք անհատական բլոգներ, բացեցինք բլոգների բաժիններ և սովորեցինք, թե ինչպես կարելի է կազմակերպել ուսուցումը դրանց միջոցով:

Հանդիպմանը ներկա եղավ նաև դպրոցի տնօրենը և ողջունեց կրթահամալիրում աշխատելու մեր մտադրությունները: