Ի ուրախություն ինձ իմ դասավանդման երկրորդ տարում նկարչության խմբակին սկսեցին հաճախել նաև հարևան՝ Գետամեջ գյուղի երեխաները: Հեռավոր գյուղում ապրող ու ամեն ինչից կտրված երեխաների համար մեծ ուրախություն է ունենալ ուսուցիչ, ով իրենց կուղղորդի և կնպաստի դեռևս կոկոն վիճակում գտնվող տաղանդների բացմանն ու զարգացմանը: Ի դեպ գյուղի երեխաները զգալիորեն տարբերվում են քաղաքում ապրող երեխաներից: Նրանք ավելի պարզ են, անկեղծ ու երախտագետ նրա նկատմամբ, ով իրենց ինչ-որ բան է ուզում սովորեցնել: Գյուղի բնությունն էլ իր հերթին է նպաստում նրանց ուրույն խառնվածքի ու աշխարհայացքի ձևավորմանը: Եվ հենց շատ արվեստագետներ են ծնվել ու հասակ առել գյուղում՝ իրենց հոգում ու հիշողություններում անմար պահելով հայրենի բնության ելևեջները, սարերի ու դաշտերի թովիչ շունչը, գետերի զրնգուն կարկաչները, որոնք էլ հիմք և ոգեշնչման աղբյուր են հանդիսացել նրանց արվեստի ծաղկման համար:
Կրթությունը պիտի հասանելի լինի յուրաքանչյուր երեխայի համար, անկախ նրանից, այդ երեխան ապրում է քաղաքում, թե հեռավոր գյուղում: Առաջնորդվելով այս գաղափարովՙ 2017թ.- սեպտեմբեր ամսին ես մեկնեցի Արցախի հանրապետության Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղ՝ փոխանցելու երեխաներին իմ փորձն ու մասնագիտական կարողությունները:
Սկզբում ամեն ինչ նոր ու անսովոր էր ինձ համար, և ստացածս առաջին տպավորությունները խորն էին ու անմոռաց: Բազմաբովանդակ է Արցախ աշխարհը և իր ամեն անկյունում մի անսպասելի գանձ ունի պահած: Գեղեցիկ և հրապուրիչ է նրա բնությունը՝ իր բարձր սարերով, մամռապատ քարերով, անմահ կոթողներով և դաշտերի ու ծաղիկների ներդաշնակ զուգորդումով: Հատկապես տպավորիչ է այն իր լքված ավերակներով, որոնք նախկինում թուրքի տներ են եղել: Դժվար է հավատալ, որ մի ժամանակ դրանց մեջ կյանք է եռացել, ծուխ ծխացել: Հիմա նրանք այնքան անկենդան ու սառն են թվում, կարծես քարե ուրվականներ լինեն: Բայց, միևնույն է, ինչքան էլ տխուր ու լքված տեսք ունենան, գեղեցիկ են: Գեղեցիկ են իրենց տխրության, լքվածության, բացառիկության մեջ:
Այն գյուղը, որտեղ ես պետք է աշխատեի, մեկն էր այն ազատագրված տարածքներից, որոնք մեզ հաջողվեց ետ վերցնել թուրքերից: Եվ ահա ես քայլում էի այդ ազատագրված տարածքով ու մտածում, որ հայրենասիրությունը կայանում է նաև նրանում, որ քո ներդրումը ունենաս հայրենիք կոչվածի և այնտեղ ապրողների կյանքում, ինչ-որ բան տաս քեզանից՝ հույսով, որ այն կընդունվի ու բարիք կբերի նրանց:
Սկզբնական շրջանը դժվար էր ինձ համար. նոր ու անծանոթ մարդիկ, քաղաքից կտրված անկյուն, կենցաղային խնդիրներ: Սակայն,երբ արդեն անցա բուն աշխատանքային պրոցեսին, դժվարությունները երկրորդ պլան մղվեցին: Երբ տեսնում ես շատ բաներից կտրված երեխաների ոգևորված դեմքերը, որ ուսուցիչ էեկել, նկարել պիտի սովորեն, ապա մոռանում ու անտեսում ես ամեն մի դժվարություն: Ինձ համար մեծ ուրախություն էր տեսնել նրանց ոգևոևված դեմքերը, անկեղծ ժպիտներն ու անհամբեր սպասումները: Մանավանդ, որ նախկինում երբեք նկարչության ուսուցիչ չէին ունեցել:
Եվ ահա դասերը սկսվում են: Մեծ է երեխաների հետաքրքրությունը, մեծ է նաև նրանց համար ինչ-որ բան անելու իմ ցանկությունը: Ի զարմանս ինձ, կարճ ժամանակում երեխաները մեծ ընդունակություններ են դրսևորում ու ակնհայտ աճ գրանցում: Միասին մենք էքսկուրսիաներ ենք կազմակերպում, շրջելով թովիչ բնության ամեն անկյունում ու էտյուդներ անում: Շուտով նաև ցուցահանդեսներ կազմակերպում:
Մեզանից շատերը թանգարան գնալիս և որևէ նկար դիտելիս հաճախ անփութորեն են անցնում դրանց կողքեվ: Չընկալելով և չփորձելով հասկանալ մի նկարը, մենք անցնում ենք դիտելու մեկ ուրիշը, հետո՝ մյուսը, և այդպես շարունակ: Այնինչ յուրաքանչյուր նկարի ետևում մի զարմանահրաշ պատմություն է թաքնված, չբացահայտված աշխարհ, նկարչի տքնաջան աշխատանք: Այսպիսով մենք ինքներս մեզ զրկում ենք նկարի կախարդական աշխարհը մտնելու հնարավորությունից և ինչու չէ նաև այդ հեքիաթային աշխարհի մի մասնիկը լինելու երջանկությունից:
Այս նախագծի ընթացքում մենք նախատեսում ենք երեխաների հետ միասին այցելել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, ծանոթանալ նրա նկարներին, ուշադիր դիտել դրանք և փորձել դրանց մասին գրել պատմություններ, հեքիաթներ կամ էլ բանաստեղծություններ: Յուրաքանչյուր երեխա ընտրում է իրեն հոգեհարազատ մի նկար ու փորձում պատկերացնել դրա սյուժեն, հասկանալ բովանդակությունը, թափանցել նկարի մեջ, գտնել դրա միջի կենդանի շարժումը, շունչը, և զարկ տալով երևակայությանը, հորինել դրա շուրջ իր պատկերացրած պատմությունը, կենդանացնելով առաջին հայացքից ստատիկ ու անկենդան թվացող նկարը: Այնուհետև ամեն երեխա թղթին է փոխանցում սարյանական արվեստից ստացած իր տպավորությունները նկարների տեսքով: Արդյունքում կազմակերպում ենք ցուցահանդես+գրական ցերեկույթ, որի ընթացքում երեխաները ընթերցում են իրենց կողմից ստեծված հեքիաթները, պատմվածքներն ու բանաստեղծությունները և ցուցադրում նկարները:
Նախագծի նպատակը
Այս նախագիծը երեխաների մոտ կզարգացնի ոչ միայն երևակայությունը, այլև ուշադրությունը և խոսքի հմտությունը: Կսովորեցնի ոչ միայն նայել, այլ նաև՝ տեսնել: Նախագծի շնորհիվ երեխաները հնարավորություն կունենան ծանոթանալու Մ. Սարյանի նկարներին, նրա ուրույն ոճին և ստեղծագործական գործունեությանը:
Նախագծի մասնակիցներ՝ 5-րդ դասարանցիներ
Ժամանակահատվածը՝ նոյեմբերի 18-20
Նոյեմբերի 18-ին՝ այցելություն Մ. Սարյանի տուն-թանգարան, նոյեմբերի 19-ին՝ պատումների ստեղծում, նոյեմբերի 20-ին՝ արդյունքների ամփոփում. ցուցահանդես+գրական ցերեկույթ:
Անհրաժեշտ նյութեր
Որևէ փոխադրամիջոց. թանգարան հասնելու համար
Թուղթ, գրիչ, գուաշ կամ ջրաներկ, վրձիններ, մատիտներ և լավ տրամադրություն:
Ամփոփումը՝ գրական ցերեկույթի և ցուցահանդեսի տեսքով:
Մենք ապրում ենք սպառողական հասարակությունում, և մեզանից յուրաքանչյուրն իր հերթին հանդիսանում է սպառող: Մեր ողջ կյանքի ընթացքում մենք անընդհատ սպառողական գործընթացում ենք գտնվում: Սպառում ենք օդը, որը շնչում ենք, հագուստը, որը հագնում ենք, սնունդը (շոկոլադ, բլիթներ, մրգեր և այլն), առարկաները, որոնք մեզ պետք են գալիս մեր ամենօրյա կյանքում (թուղթ, տոպրակ, աթոռ, գրիչ և այլն):
Այդ պրոցեսից որպես հետևանք գոյանում են թափոններ, որոնք առաջին հայացքից միայն թափոն են և վերջ, ու մենք իրենց նետում ենք հենց թափոնների համար նախատեսված տեղը, այսինքն աղբամանը: Եվ ժամանակին մեզ ծառայած ու մեր կողմից սիրելի իրերը, ի վերջո, հայտնվում են աղբանոցում:
Այդ երևույթը տխուր է ոչ միայն առարկաների համար, այլև բնության, քանզի բոլորս գիտենք, որ թափոնները բնությանը մեծ վնաս են հասցնում: Այդ պատճառով ես մտածեցի, որ կարելի է չշտապել դեն նետել մեզ համար արդեն անպետք դարձած իրերը, այլ, հաղորդելով դրանց ստեղծագործական նոր շունչ, պատրաստել նոր իրեր, մասնավորապես կենդանիներ, որոնք բնության մի մասն են, և վնասելով բնությանը, մենք իրենց էլ ենք վնասում: Կենդանիները կարող են լինել և՛ ծավալային, և՛ հարթային:
Նախագծի նպատակը
Այս նախագիծը երեխաների մոտ կզարգացնի ոչ միայն ձեռքի հմտությունները, այլ նաև ստեղծագործական երևակայությունը, կսովորեցնի ուշադիր լինել շրջակա միջավայրի նկատմամբ և չաղտոտել այն: Կբացահայտի նրանց համար խմբային աշխատանքի առավելությունը, ինչպես նաև կսովորեցնի լինել ոչ միայն սպառող, այլև՝ ստեղծող:
Նախատեսում եմ նախագծի վերջում կազմակերպել «Ստեղծագործ ձեռքեր» թեմատիկայով ցուցահանդես:
Նախագծի մասնակիցներ
Նախատեսում եմ նախագիծը իրականացնել 4-6-րդ դասարանների աշակերտների հետ:
Անհրաժեշտ նյութեր
Հավաքել առաջին հայացքից աղբ հանդիսացող իրեր. պլաստիկ շշեր, թիթեղյա և ստվարաթղթե տուփեր, տոպրակներ, կոնֆետի թղթեր, մաշված հագուստև այլն:
Մկրատ, սիլիկոնային սոսինձ, ակրիլային ներկեր:
Նախագծի կատարման տևողություն
Նախատեսում եմ նախագիծը իրականացնել երեք ամսում. առաջին ամսվա ընթացքում հավաքել անհրաժեշտ նյութերը, մյուս երկու ամիսների ընթացքում կատարել բուն ստեղծագործական աշխատանքը: