2020-2021թթ. ուսումնական տարվա ամփոփում

Յուրաքանչյուր երեխայի զարգացումը պահանջում է որոշակի գործունեություն: Այդ գործունեությունը նպաստում է երեխայի ներաշխարհի, երևակայության, ճանաչողության զարգացմանը: Իսկ կարևոր պայմաններից մեկը այն է, որ գործունեությունը պետք է լինի երեխայի համար հետաքրքիր ու հաճելի: Յուրաքանչյուր տարիք ունի իրեն հետաքրքրող թեմաներն ու զբաղմունքները, և երեխայի համար գործունեություն ընտրելիս պետք է այդ ամենը հաշվի առնել: Հաճախ երեխաներն իրենք են հուշում, թե ինչպիսի գործունեություն կարելի է նրանց այդ պահին առաջարկել: Պետք է երբեմն խորհրդակցել նրանց հետ, առաջարկներն ու կարծիքները լսել, այսպիսով, նրանք էլ իրենց կարևոր դերում կզգան: Երեխաների համար գործունեություն ընտրելիս ես հաճախ եմ նրանց կարծիքն ու նախասիրությունները հարցնում: Իմ սովորողների մեջ կան երեխաներ,ովքեր կար ու ձևի հետ մեծ սեր ունեն, կան երեխաներ, ովքեր թղթով կամ պլաստիլինով են սիրում աշխատել, կան երեխաներ էլ, ովքեր հասարակ առարկաները (քար, ծառի ճյուղ) կարող են հետաքրքիր խաղալիքներ կամ կերպարներ դարձնել: Կարծում եմ ուսուցչի համար էլ իր աշխատանքը հաճելի է լինում, եթե երեխաների մեջ իրենց գործունեության նկատմամբ ոգևորություն և հետաքրքրքրություն է լինում: Սովորողներիս մեջ հաճախ հանդիպում են շատ անհամբերներ, ովքեր չեն պատկերացնում, որ ինչ-որ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է տվյալ աշխատանքին բավարար չափով ժամանակ տրամադրել: Այս պարագայում անհրաժեշտ է նրանց համբերություն և աշխատասիրություն ներշնչել, սովորեցնել, որ իրական հաճույքը և հետաքրքրությունը աշխատանքային պրոցեսի մեջ է, ոչ թե արդյունքի, իսկ արդյունքը վերջ ի վերջո ի հայտ կգա: Լինում են նաև սովորողներ, ովքեր չեն ճանաչում իրենց կարողությունները և չեն հավատում իրենց ուժերին, մտածելով , որ չեն կարող կատարել առաջադրանքը: Այս պարագայում նրանց համար շատ կարևոր է ուսուցչի քաջալերանքը, ցույց տված օգնությունը: Լինում են սովորողներ, ովքեր չեն պատկերացնում իրենց անելիքը: Այսպիսի պահերին ես հարմար եմ գտնում օրինակներ ցույց տալը, ինչը նրանց մոտ գործի է դնում պատկերացման ուժը և զարկ տալիս երևակայությանը: Ինչքան բազմազան է երեխաների գործունեությունը, այնքան ավելի հաջող է ընթանում նրանց բազմակողմանի զարգացումը, դրսևորվում են ստեղծագործական պոտենցիալները: Ստեղծագործական գործունեությունը նպաստում է երեխայի ճանաչողահետազոտական պրոցեսի դրսևորմանը, հնարավորություն է տալիս նրան սեփական ձեռքերով ստեղծելու ինչ-որ գեղեցիկ, անսովոր բան: Սեփական ձեռքերով մի նոր բան ստեղծելու ձգտումը մարդուն հատուկ է եղել դեռ շատ հին ժամանակներից: Այդ մասին են վկայում կենդանիների ոսկորներից պատրաստված զարդարանքների՝ թևնոցներ, վզնոցներ, և հնագույն սափորների գտածոները, որոնք ցույց են տալիս, որ նախնադարյան մարդն էլ ունեցել է էսթետիկ պահանջ՝ ստեղծելու ոչ միայն իրեն անհրաժեշտ և օգտակար իրեր, այլև՝ գեղեցիկ: Գեղեցիկի զգացումը երեխային պետք է ներշնչել վաղ տարիքից: Նրա մոտ պետք է գեղեցիկը ճանաչելու և սիրելու կարողություն զարգացնել: Իսկ գեղեցիկը միշտ չէ, որ առաջին հայացքից նկատելի է դառնում, նրան պետք է փնտրել, ճանաչել և ընկալել: Մանավանդ ներկայիս ժամանակաշրջանում, քանզի շատ անհեթեթ և պրիմիտիվ բաներ ներկայացվում են գեղեցիկի անվան տակ: «Գեղեցկությունը կփրկի աշխարհը», ասել է Ֆ. Մ. Դոստոևսկին: Իսկ ինչպե՞ս կփրկի: Գեղեցիկը սիրող և ճանաչող մարդը իրեն թույլ չի տա տգեղ արարքներ, ձգտելով գեղեցիկին նա կձգտի նաև ներդաշնակին ու կատարյալին, այսպիսով գեղեցկացնելով և՛ իրեն, և՛ իր շրջապատը: Մարդու համար շատ կարևոր գործոն է իր շրջապատը: Շրջապատը դա այն տեղն է և այն մարդիկ են, որտեղ և որոնց կողքին դրսևորվում է մարդը: Յուրաքանչյուրս պետք է սովորի կերտել իր շրջապատը, դարձնել ավելի գեղեցիկ և ներդաշանակ: Մայիսյան նախագծերիս շրջանակներում «Ուրախ և գույնզգույն առավոտ» թեմատիկայով, սովորողներիս հետ միասին նկարազարդեցինք Հարավային դպրոց-պարտեզի բակի պատերը, նոր շունչ և կենդանաություն հաղորդելով դրանց: Երեխաները ոգևորված էին և մեծ հաճույքով կատարեցին իրենց վստահված աշխատանքը: Մայիսյան նախագծերիս շրջանակներում նախատեսում եմ կազմակերպել ցուցահանդես «Հարավի շնորհալիները» խորագրով, որտեղ մի քանի սովորողներ ցուցադրելու են վերջին ամիսներին կատարած իրենց նկարները: Ապրիլյան նախագծերիցս հաջողված եմ համարում բնապահպանական գիտելիքի օրվա առթիվ կազմակերպած նախագիծս Բնության թանգարանում, որտեղ 3-5-րդ դասարանների սովորողները ներկայացրեցին ցուցահանդես- միջոցառում «Բնապահպանական գիտելիքի օրը Բնության թանգարանում» խորագրով: Նրանք պատմեցին Երկիր մոլորակի վրա բնակվող բազմաթիվ բույսերի, կենդանիների և նրանց գոյատևման համար անհրաժեշտ պայմանների մասին, թվարկեցին բնությունը պահպանելու կանոնները, պատմեցին Կարմիր գրքի մասին, միջոցառման մասնակիցներին և հյուրերին ծանոթացրեցին պահպանության կարիք ունեցող կենդանիների և բույսերի մի քանի տեսակների, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում: Այնուհետև միջոցառման հյուրերը հնարավորություն ունեցան տեսնելու երեխաների նկարները, որոնցում նրանք պատկերել էին բնության գեղեցկությունը, փոփոխականությունը, իրենց սիրելի կենդանիներին և իրենց նկարներով փորձել էին արտահայտել բնությունը պահպանելու անհրաժեշտությունը: Ցուցահանդեսը բավական հաջողված էր, և կարծում եմ, որ այն լավ առիթ էր երեխաների համար հասկանալու բնության կարևորությունը և այդ գաղափարը փոխանցելու նաև ուրիշներին: Միջոցառման վերջում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոցը ստացավ Շնորհակալագիր Բնության թանգարանի կողմից բնապահպանական գիտելիքի օրվա առիթով ցուցահանդես-միջոցառում կազմակերպելու համար: Իմ նախագծերում, ընդհանրապես, կարևորում եմ թանգարաններ այցելությունները, որի ժամանակ երեխաները ստանում են նոր տպավորություններ, գիտելիքներ, տեսնում են արժեքավոր նմուշներ, շփվում են գեղեցիկի հետ: «Ծաղկողների հետքերով» նախագծիս շրջանակներում այցելեցինք Մատենադարան, որտեղ երեխաները տեսան հնագույն ձեռագիր մատյաններ, մանրանկարներ, ծանոթացան այն բույսերի և կենդանիների տեսակներին, որոնցից հնում ստանում էին ներկանյութեր, տեսան ամենափոքր ու ամենամեծ ձեռագրերը, այսպիսով, ձեռք բերելով նոր գիտելիքներ, նրանք կատարեցի իրենց հանձնարարված առաջադրանքը: Մարտ ամսվա նախագծերիս շրջանակներում փայտի հետ աշխատանքը ավելի հետաքրքիր դարձնելու համար երեխաների հետ միասին «Փայտե շրխկաններով Փայտարվեստի թանգարանում» նախագծով այցելեցինք Փայտարվեստի թանգարան, որտեղ նրանք տեսան փայտից պատրաստված բազմապիսի իրեր`գդալներ, զարդատուփեր, գինու ամաններ, գաթանախշիչներ, երաժշտական գործիքներ, օրորոցներ, ինչպես նաև փայտից պատրաստված քանդակներ: Երեխաները թանգարանում մասնակցեցին ինտերակտիվ խաղերի և փորձեցին գուշակել հանելուկներ: Իսկ վերջում փայտե շրխկանների օգնությամբ կատարեցին ազգային երգեր ու պարեր Մարիամ Մնացականյանի ղեկավարությամբ: Երեխաներին կրթելու գործում կարևոր եմ համարում նրանց համատեղ և միասնական աշխատանքին սովորեցնելը: Համատեղ աշխատելով նրանք ձեռք են բերում ամուր ընկերություն, միմյանց օգնելու ցանկություն և համախմբված լինելու կարողություն, ինչը ներկա ժամանակներում մեզ շատ է անհրաժեշտ: Այս մտադրությունը հիմք վերցնելով հաճախ եմ իրականացնում խմբակային և համագործակցային նախագծեր: Այսպես Հունվարյան նախագծեր-իս ընթացքում անցկացրել եմ համագործակցային նախագիծ Թատրոնի ընտրությամբ գործունեության սովորողների հետ, որի ընթացքում Դիզայնի ընտրությամբ գործունեությամն սովորողները պատրաստում էին տիկնիկներ, իսկ Թատրոնի ընտրությամբ գործունեության սովորողները բեմադրում ներկայացում: Համագործակցային՝ «Կարում ենք խոհանոցային թաթման», նախագիծ եմ իրականացրել նաև Քոլեջի 3-րդ կուրսի Կար ու ձևի բաժնի սովորողների հետ, որի ընթացքում քոլեջի սովորողները օգնել են Դիզայնի 4-5-րդ դասարանների սովորողներին կարել խոհանոցային թաթման, որը հետո նվիրել ենք խոհանոցին: Նախագիծը ոգևորիչ էր երկու կողմերի համար էլ՝ և՛ սովորեցնողների, և՛ սովորողների: Երեխաների համար ոգևորիչ են լինում նաև ցուցահանդես- հանգանակությունները, որոնց ընթացքում յուրաքանչյուրը հնարավորություն է ունենում գնելու իր ընկերոջ աշխատանքը, այսպիսով, հանգանակության իր բաժինն ունենալով ընդհանուր գործի համար: Հաջողված էին «Հոգատա՛ր եղիր. ցուցահանդես- հանգանակությունը» և «Հոգատար գարուն. ցուցահանդես-հանգանակությունը Հարավային դպրոցում», որի ժամանակ սովորողները ներկայացրել էին իրենց պատրաստած մոմոկալները, էջանշաններն ու թեյի բաժակների համար նախատեսված տակդիրները, տիկնիկները, խաղալիքները, զատկական դեկորներն ու կավե գունազարդ կուլոնները: Ինձ համար ուրախալի էր, որ երեխաները ավելի շատ ձգտում էին ձեռք բերել ոչ միայն իրենց սեփական աշխատանքները, այլև՝ իրենց ընկերների պատրաստածները, հետաքրքրություն ցուցաբերելով ընկերների գործերի նկատմամբ: Երեխաներին ոգևորելու գործում կարևոր եմ համարում նրանց աշխատանքները պարբերաբար ցուցադրելը: Այսպես հաճախակի կազմակերպում եմ փոքրիկ ցուցահանդեսներ սովորողների աշխատանքներով. Ցուցահանդես. Ձոն բնությանը, Ցուցահանդես. Մանդալաներ, Ցուցահանդես. Երաժշտության գույները. Ձոն Արամ Խաչատրյանին, Ցուցահանդես. Այլընտրանքային դիմանկարներ, Ցուցահանդես. Ապլիկացիաներ թերթով, Գարուն է եկել, Ցուցահանդես. Զատկական նախշազարդ ձվեր , Ցուցահանդես. Կետանկարչություն, Ցուցահանդես. Ձոն մայրիկներին, Ցուցահանդես. Ծովային ճանապարհորդություն, Հայրենիքը մենք ենք, որոնք հնարավորություն են տալիս երեխաներին կողքից դիտելու իրենց աշխատանքները, իսկ մյուսներին ոգևորվելու իրենց ընկերների աշխատանքներով:

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы