Դասավանդողներ՝ Թագուհի Ստեփանյան և Անուշ Ներսիսյան
Մեզանից շատերը թանգարան գնալիս և որևէ նկար դիտելիս հաճախ անփութորեն են անցնում դրանց կողքեվ: Չընկալելով և չփորձելով հասկանալ մի նկարը, մենք անցնում ենք դիտելու մեկ ուրիշը, հետո՝ մյուսը, և այդպես շարունակ: Այնինչ յուրաքանչյուր նկարի ետևում մի զարմանահրաշ պատմություն է թաքնված, չբացահայտված աշխարհ, նկարչի տքնաջան աշխատանք: Այսպիսով մենք ինքներս մեզ զրկում ենք նկարի կախարդական աշխարհը մտնելու հնարավորությունից և ինչու չէ նաև այդ հեքիաթային աշխարհի մի մասնիկը լինելու երջանկությունից:
Այս նախագծի ընթացքում մենք նախատեսում ենք երեխաների հետ միասին այցելել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, ծանոթանալ նրա նկարներին, ուշադիր դիտել դրանք և փորձել դրանց մասին գրել պատմություններ, հեքիաթներ կամ էլ բանաստեղծություններ: Յուրաքանչյուր երեխա ընտրում է իրեն հոգեհարազատ մի նկար ու փորձում պատկերացնել դրա սյուժեն, հասկանալ բովանդակությունը, թափանցել նկարի մեջ, գտնել դրա միջի կենդանի շարժումը, շունչը, և զարկ տալով երևակայությանը, հորինել դրա շուրջ իր պատկերացրած պատմությունը, կենդանացնելով առաջին հայացքից ստատիկ ու անկենդան թվացող նկարը: Այնուհետև ամեն երեխա թղթին է փոխանցում սարյանական արվեստից ստացած իր տպավորությունները նկարների տեսքով: Արդյունքում կազմակերպում ենք ցուցահանդես+գրական ցերեկույթ, որի ընթացքում երեխաները ընթերցում են իրենց կողմից ստեծված հեքիաթները, պատմվածքներն ու բանաստեղծությունները և ցուցադրում նկարները:
Նախագծի նպատակը
Այս նախագիծը երեխաների մոտ կզարգացնի ոչ միայն երևակայությունը, այլև ուշադրությունը և խոսքի հմտությունը: Կսովորեցնի ոչ միայն նայել, այլ նաև՝ տեսնել: Նախագծի շնորհիվ երեխաները հնարավորություն կունենան ծանոթանալու Մ. Սարյանի նկարներին, նրա ուրույն ոճին և ստեղծագործական գործունեությանը:
Նախագծի մասնակիցներ՝ 5-րդ դասարանցիներ
Ժամանակահատվածը՝ նոյեմբերի 18-20
Նոյեմբերի 18-ին՝ այցելություն Մ. Սարյանի տուն-թանգարան, նոյեմբերի 19-ին՝ պատումների ստեղծում, նոյեմբերի 20-ին՝ արդյունքների ամփոփում. ցուցահանդես+գրական ցերեկույթ:
Անհրաժեշտ նյութեր
- Որևէ փոխադրամիջոց. թանգարան հասնելու համար
- Թուղթ, գրիչ, գուաշ կամ ջրաներկ, վրձիններ, մատիտներ և լավ տրամադրություն:
Ամփոփումը՝ գրական ցերեկույթի և ցուցահանդեսի տեսքով: