Մենք ապրում ենք սպառողական հասարակությունում, և մեզանից յուրաքանչյուրն իր հերթին հանդիսանում է սպառող: Մեր ողջ կյանքի ընթացքում մենք անընդհատ սպառողական գործընթացում ենք գտնվում: Սպառում ենք օդը, որը շնչում ենք, հագուստը, որը հագնում ենք, սնունդը (շոկոլադ, բլիթներ, մրգեր և այլն), առարկաները, որոնք մեզ պետք են գալիս մեր ամենօրյա կյանքում (թուղթ, տոպրակ, աթոռ, գրիչ և այլն):
Այդ պրոցեսից որպես հետևանք գոյանում են թափոններ, որոնք առաջին հայացքից միայն թափոն են և վերջ, ու մենք իրենց նետում ենք հենց թափոնների համար նախատեսված տեղը, այսինքն աղբամանը: Եվ ժամանակին մեզ ծառայած ու մեր կողմից սիրելի իրերը, ի վերջո, հայտնվում են աղբանոցում:
Այդ երևույթը տխուր է ոչ միայն առարկաների համար, այլև բնության, քանզի բոլորս գիտենք, որ թափոնները բնությանը մեծ վնաս են հասցնում: Այդ պատճառով ես մտածեցի, որ կարելի է չշտապել դեն նետել մեզ համար արդեն անպետք դարձած իրերը, այլ, հաղորդելով դրանց ստեղծագործական նոր շունչ, պատրաստել նոր իրեր, մասնավորապես կենդանիներ, որոնք բնության մի մասն են, և վնասելով բնությանը, մենք իրենց էլ ենք վնասում: Կենդանիները կարող են լինել և՛ ծավալային, և՛ հարթային:
Նախագծի նպատակը
Այս նախագիծը երեխաների մոտ կզարգացնի ոչ միայն ձեռքի հմտությունները, այլ նաև ստեղծագործական երևակայությունը, կսովորեցնի ուշադիր լինել շրջակա միջավայրի նկատմամբ և չաղտոտել այն: Կբացահայտի նրանց համար խմբային աշխատանքի առավելությունը, ինչպես նաև կսովորեցնի լինել ոչ միայն սպառող, այլև՝ ստեղծող:

Նախատեսում եմ նախագծի վերջում կազմակերպել «Ստեղծագործ ձեռքեր» թեմատիկայով ցուցահանդես:
Նախագծի մասնակիցներ
Նախատեսում եմ նախագիծը իրականացնել 4-6-րդ դասարանների աշակերտների հետ:
Անհրաժեշտ նյութեր
- Հավաքել առաջին հայացքից աղբ հանդիսացող իրեր. պլաստիկ շշեր, թիթեղյա և ստվարաթղթե տուփեր, տոպրակներ, կոնֆետի թղթեր, մաշված հագուստ և այլն:
- Մկրատ, սիլիկոնային սոսինձ, ակրիլային ներկեր:
Նախագծի կատարման տևողություն
Նախատեսում եմ նախագիծը իրականացնել երեք ամսում. առաջին ամսվա ընթացքում հավաքել անհրաժեշտ նյութերը, մյուս երկու ամիսների ընթացքում կատարել բուն ստեղծագործական աշխատանքը: